ՄՌԱԳԿ մասնագետը մասնակցել է ատոմակայանների մոդիֆիկացիաներին նվիրված գիտաժողովին, Սյամեն,

Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը /ՄՌԱԳԿ/ մասնակցել է ատոմակայանների մոդիֆիկացիաներին
նվիրված գիտաժողովին, որը անցկացվեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սյամեն քաղաքում հուլիսի 10-ից 14-ը։ Գիտաժողովը կազմակերպել էին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը Չինաստանի միջուկային էներգետիկայի ընկերության հետ համատեղ։

Գիտաժողովի մասնակիցները քննարկեցին տարբեր երկրների փորձը ԱԷԿ-ների անվտանգության բարձրացման ասպարեզում։ ՄՌԱԳԿ-ի մասնագետ Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրեց ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացման գործընթացի կարգավորող դաշտը և գիտատեխնիկական ապահովումը, մասնավորապես Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի դերը միջուկային անվտանգության կարևոր խնդիրների ուսումնասիրության և հաշվարկային հիմնավորման հարցում։ Ներկայացվեց ՀԱԷԿ-ի տեխնիկական մոդիֆիկացիաների ներդրման ընթացքում կատարվող նեյտրոնաֆիզիկական, ջերմահիդրավլիկ, ամրության և ռադիոլոգիական հաշվարկների կենտրոնի փորձը։ Ներկայացվեց նաև Հայաստանի Հանրապետությունում գործող «Միջուկային տեղակայանքների տեխնիկական մոդիֆիկացիաների կարգը»: Մասնակիցների կողմից ներկայացվեցին իրենց երկրներում ԱԷԿ-ների մոդիֆիկացիայի գործընթացի կազմակերպումը և անցկացվեցին քննարկումներ մոդիֆիկացիաների ներդրման գործընթացը օպտիմալացնելու և առավել էֆֆեկտիվ դարձնելու վերաբերյալ: Հանդիպման շրջանակներում տեղի ունեցավ այց դեպի Ֆուսին ատոմակայան, որը ունի 4 գործող և 2 կառուցվող էներգաբլոկ: